Դեռահասությանս տարիներին մի անգամ ես ու հայրս կրկեսի տոմսեր գնելու համար հերթ էինք կանգնել: Մեր և տոմսարկղի միջև կանգնած էր միայն մեկ ընտանիք: Այս ընտանիքը մեծ տպավորություն է գործել ինձ վրա: Ութ երեխա կար ընտանիքում, բոլորը հավանաբար 12 տարեկանից փոքր: Նրանց հագուկապից կարելի էր հասկանալ, որ նրանք շատ փող չունեն, բայց հագնված էին կոկիկ և մաքուր: Երեխաներն իրենց լավ էին պահում, բոլորը զույգերով ձեռք բռնած հերթ էին կանգնել ծնողների ետևում: Նրանք հուզված խոսում էին ծաղրածուների, կենդանիների և այն ամենի մասին, ինչ նրանք տեսնելու էին այդ գիշեր: Նրանց հուզմունքից կարելի էր հասկանալ, որ նախկինում կրկեսում չէին եղել. սա պետք է լիներ նրանց կյանքում գլխավոր իրադարձություն: Հայրն ու մայրը հպարտ կանգնած էին երամի գլխավերևում: Մայրը բռնել էր ամուսնու ձեռքը, նայում էր նրան և կարծես ասում. «Դու իմ ասպետն ես փայլուն զրահով»: Նա ժպտում էր և վայելում իր ընտանիքի երջանկությունը: Տոմսավաճառուհին տղամարդուն հարցրեց, թե քանի տոմս է ուզում: Վերջինս հպարտորեն պատասխանեց. «Ես կցանկանայի գնել ութ տոմս երեխաների համար և երկու տոմս մեծահասակների համար»: Տոմսավաճառուհին ասաց տոմսերի արժեքը: Կինը բաց թողեց ամուսնու ձեռքը, գլուխը խոնարհեց, տղամարդու շուրթերը դողացին: Նա մի փոքր առաջ թեքվեց և հարցրեց. «Որքա՞ն ասացիք»: Տոմսավաճառը կրկնեց տոմսերի արժեքը: Տղամարդը բավարար գումար չուներ: Ինչպե՞ս նա պետք է շրջվեր և իր ութ երեխային ասեր, որ բավարար գումար չունի նրանց կրկես տանելու համար: Տեսնելով, թե ինչ է կատարվում, հայրս ձեռքը տարավ գրպանը, հանեց 20 դոլարանոց թղթադրամը և գցեց գետնին: Մենք հարուստ չէինք, այդ բառի ոչ մի իմաստով: Հայրս կռացավ, վերցրեց 20 դոլարանոց թղթադրամը, դիպավ տղամարդու ուսին և ասաց. «Ներեցեք, պարոն, սա ձեր գրպանից ընկավ»: Տղամարդը հասկացավ, թե ինչ է կատարվում: Նա օգնություն չէր խնդրել, բայց միանշանակ գնահատեց օգնությունն այդ հուսահատ, սրտաճմլիկ և անհարմար իրավիճակում: Նա նայեց ուղիղ հայրիկիս աչքերին, երկու ձեռքով բռնեց նրա ձեռքը, ամուր սեղմեց 20 դոլարանոց թղթադրամը և դողացող շուրթերով և այտերի վրայով հոսող արցունքներով ասաց. «Շնորհակալություն, շնորհակալություն, պարոն: Սա իսկապես մեծ նշանակություն ունի ինձ և իմ ընտանիքի համար»: Ես և հայրս վերադարձանք մեքենայի մոտ և տուն շարժվեցինք: Հորս տված 20 դոլարով մենք պատրաստվում էինք տոմսեր գնել մեզ համար: Թեև այդ գիշեր չհաջողվեց կրկես տեսնել, երկուսս էլ մեծ ուրախություն էինք զգում, և այդ ուրախություն ավելի մեծ էր, քան կրկեսը երբևէ կարող էր մեզ պարգևել: Այդ օրը ես սովորեցի «տալու» արժեքը: Տալն ավելի մեծ արժեք ունի, քան ստանալը: Եթե ցանկանում եք լինել մեծ, ավելի մեծ, քան կյանքը, սովորեք տալ: Սերը ոչ մի կապ չունի, թե դուք ինչ եք ակնկալում ստանալ, միայն կարևոր է այն, թե ինչ եք ակնկալում տալ, իսկ դա ամեն ինչ է: Հնարավոր չէ գերագնահատել ուրիշներին տալու և օրհնելու կարևորությունը, քանի որ տալու մեջ միշտ ուրախություն կա: Սովորեք «տալու» միջոցով երջանկացնել ուրիշներին: - Օդրի Հեփբերն -

Теги других блогов: երեխաներ ընտանիք տոմսեր